Մայիսի 28-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվում, որ Կոմիտաս 56 շենքում ավազակային հարձակում է տեղի ունենում: Շտապ այնտեղ են մեկնում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Տիգրանյան փողոցից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Արտակ Հարությունյանին: Պարզվում է, որ մայիսի 28-ին ժամը 22.30-ի սահմաններում Ա. Հարությունյանը դուռը թակելու միջոցով ներս է մտել Կոմիտաս 56 շենքի բնակարաններից մեկը: Տանտիրուհին` 55-ամյա Վարդիշաղ Ստեփանյանը դռան թակոցի ձայնը լսելուց հետո բացում է դուռը չնայելով, թե ով է դուռը ծեծողը: Այդ պահին Վարդիշաղը խոսում էր բջջային հեռախոսով: Հարեւանները պատմում են., որ դռանը մոտենալիս տանտիրուհին մտածել է, որ որդին է վերադարձել: Փականը բացելուց հետո շուռ է եկել ու հեռախոսային խոսակցությունը շարունակելով շարժվել հյուրասենյակ: Այդ ժամանակ թիկունքից նրա վրա է հարձակվել Արտակ Հարությունյանը, երկու ձեռքով բռնել կոկորդից, փորձել խեղդել եւ պահանջել տան ոսկեղենը: Կնոջ ձայներին օգնության է հասել տանը գտնվող ամուսինը: Ավազակը հանդիպելով ամուսինների դիմադրությանը դիմել է փախուստի: Մեզ հայտնի դարձավ, որ մինչ այս հանցանքը, նույն օրը Ա. Հարությունյանը փորձել է գողություն կատարել Արաբկիր համայնքի մեկ այլ բնակարանից` Նաիրի Զարյան 41 տանից, սակայն նկատելով, որ տանտերերը տանն են, հանցագործությունը չավարտած փախել է:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 175 հոդվածի (ավազակային հարձակում) հատկանիշներով: Քիչ առաջ քննիչի որոշմամբ Ա. Հարությունյանը ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























