Վենետիկի Ժամանակակից արվեստի համաշխարհային 54-րդ Բիենալեում հունիսի 3-ին տեղի կունենա հայկական տաղավարի բացումը, որը կրելու է «Ձեռնարկներ. նոր համընդհանրության ենթակաները» խորագիրը:

«Վենետիկի Բիենալեն ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր փառատոնն է, բոլորը ձգտում են հնարավորին չափ լավ ներկայացնել իրենց երկիրը: Պետք է կարողանաս օրիգինալ, հետաքրքիր ու յուրահատուկ բան ասել այդ ոլորտում, որը հետաքրքիր կլինի նաեւ աշխարհի համար: Ես հավատում եմ, որ կկարողանանք գրավել օտարերկրացիների ուշադրությունը, քանի որ ընտրված են հետաքրքիր կոնցեպտուալ այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մհեր Ազատյանը, Աստղիկ Մելքոնյանը եւ Գրիգոր Խաչատրյանը»,-ասել է հայկական տաղավարի կազմակերպիչները:

Կուրատոր Վարդան Ազատյանի կարծիքով, իրենց ներկայացնելիք ծրագիրը տարբերվելու է նախորդներից, հայկական տաղավարը ենթադրում է ամենաակտիվ համագործակցությունը այլ ազգային տաղավարների հետ:

Կուրատոր Ռուբեն Արեւշատյանի խոսքով, ընտրված նկարիչները, ապրելով հետխորհրդային հանկարծակի փոփոխության` փլուզման եւ խզման տարիներին, փորձ են անում իրենց անձնական ապրումները մոդեռնիզմի ճգնաժամի վերաբերյալ արտահայտել արվեստի լեզվով: Նրա կարծիքով, համընդհանուրի եւ միակի կոնֆլիկտը ժամանակակից աշխարհի ամենաարդի դիսկուրսներից մեկն է:

Կուրատորական խմբի անդամներից Նազարեթ Կարոյանն էլ լրացրել է, թե իրենք ընտրել են այնպիսի աշխատանքներ, որոնք ներկայացնում են երեք սերունդ` ելնելով նրանց աշխատանքների ներքին դրամատուրգիայից: Մհեր Ազատյանն իր աշխատանքներում ներկայացնում է անկախ Հայաստանի նկարիչների առաջին սերունդը, Աստղիկ Մելքոնյանը` երկրորդը, իսկ հայոց ավանգարդներից Գրիգոր Խաչատրյանը` երրորդը:

«Այսպիսով 54-րդ բիենալեն կդառնա շրջադարձային հայկական ժամանակակից արվեստի համար, եւ Հայաստանը կներկայացնի աննախադեպ հետաքրքիր նախագիծ»,-համոզված է հայկական տաղավարի կոմիսար Վ.Մնացականյանը:

Նշենք, որ 54-րդ բիենալեն կմեկնարկի հունիսի 3-ին ու կշարունակվի մինչեւ նոյեմբեր: Այն կրելու է ILLUMInations խորագիրը: