Բնապահպանության նախարարությունը ջանալու է Խոսրովի պետական արգելոցի «Գիլան» արգելավայրին վերադարձնել արգելոցի կարգավիճակը: Ըստ «Էկոլուրի»` այս մասին մայիսի 30-ին մի շարք հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը, որին կցվեց արգելոցի «Բայբուրդ» տեղամասը` 118 հեկտար տարածքով: Նշենք, որ արգելավայրի տարածքում, ի տարբերություն արգելոցի, թույլատրվում է տնտեսական գործունեություն:
Իշխանություններն արգելավայրի ստեղծումը պայմանավորում էին Բայբուրդում մարդկանց ապրելով:
Նույն 2007թ. նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով 60 տարի ժամկետով Գիլանից 118 հա տարածք վարձակալության տրվեց «Հովազաձոր» ընկերությանը` կապիտալ շինարարության թույլտվությամբ: Նշենք, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից բացակայում է այս որոշումը:
Երբ «Դրախտ» անունը կրող շինությունը վեր խոյացավ Գիլանում, այդ ժամանակ էլ հասարակայնությունը սկսեց բողոքել ՀՀ կառավարության որոշումների դեմ:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բնապահպաններին ասել է, որ «Գիլանի» կարգավիճակը փոխելուց հետո «Գիլանում» կառուցված շինությունը ծառայելու է որպես այցելությունների կենտրոն, չմանրամասնելով, թե նախարարությունը ինչ պայմանավորվածություն է ձեռք բերելու «Հովազաձոր» ընկերության հետ` տնօրինելու համար վերջինիս վարձակալած տարածքն ու կառուցած շինությունը: ՀԿ-ների ներկայացուցիչները դեմ են արտահայտվել այդ շինության պահպանմանը` ասելով, որ չի բացառվում, որ այդ շինությունը հետագայում կվերածվի ռեստորանի եւ, ընդհանրապես, արգելոցային գոտում պետք է պահպանվի խիստ ռեժիմ` առանց որեւէ շինության:




























