Թուրքիայի Բուրսայի նահանգապետարանի որոշումը, որով արգելվում է Թուրքիա-Հայաստան խաղին օգտագործել ադրբեջանական դրոշ հարուցել է Բուրսայի որոշ հասարակական կազմակերպությունների բողոքը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Uluskanal կայքէջը։
Բուրսայի հասարակական կազմակերպությունները կարել են տվել 15 հազար ադրբեջանական դրոշ՝ ի հակադրություն այն բանի, որ Բուրսայի նահանգապետարանը արգելել է հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը կրել Ադրբեջանի դրոշը։
Թուրքիայի Kamu-Sen արհմիության Բուրսայի նահանգային մասնաճյուղի ներկայացուցիչ Սելչուկ Թյուրքօղլուն հայտնել է, որ բուրսացիները ցանկանում են լավ հյուրընկալություն կազմակերպել, սակայն խնդիրների մասին բարձրաձայնելը՝ ժողովրդավարական իրավունք է։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Kamu-Sen-ը սեպտեմբերի 29-ից կազմակերպել էր ստորագրահավաք՝ ընդդեմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բուրսա ժամանման։ Kamu-Sen-ի Բուրսայի նահանգային ներկայացուցիչ Սելչուկ Թյուրքօղլուն ասել է, որ Սերժ Սարգսյանը երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային խաղը դիտելու համար հրավիրվել է Բուրսա, սակայն Հայաստանի նախագահը դա վերածել է շանտաժի եւ պահանջում է իր գալուց առաջ բացել սահմանները։ Թյուրքօղլուն պնդում է, որ Թուրքիան հսկա պետություն է եւ չպետք է ընկրկի փոքրիկ Հայաստանի շանտաժի առաջ։ Թուրքական Kamu-Sen-ի կողմից կազմակերպված ստորագրահավաքին աջակցել են նաեւ թուրքական եւ ադրբեջանական այլ կազմակերպություններ։




























