Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները երկու երկրների հարաբերություններում, կարծես, կմնան եւ կգերակշեն Ջո Բայդենի վարչակազմի օրոք, բայց ԱՄՆ ապագա նախագահը կարող է այս անգամ լուրջ գործողությունների դիմել, գրում է Haaretz-ի Մերձավոր Արեւելքի հարցերով վերլուծաբան Զվի Բարելը:
Հաղորդվում է, որ պաշտոնից հեռացող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սերտ անձնական հարաբերություններ է հաստատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչը հանգեցրել է նրան, որ նա հանդուրժողական դիրք է զբաղեցրել երկու երկրների միջեւ մի շարք վիճահարույց հարցերում:
Դրա շարունակումը անհնար է թվում Բայդենի օրոք, որը պատմականորեն լարված հարաբերությունների մեջ է Էրդողանի հետ, գրում է Բարելը:
«Բայդենը, ով նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք պատասխանատու էր Թուրքիայի հետ կապերի համար, գիտի, թե ում հետ գործ ունի»,- նշում է հոդվածի հեղինակը:
2019-ի հոկտեմբերին Թրամփը մասամբ դուրս բերեց զորքերը Սիրիայի հյուսիսից՝ ճանապարհ հարթելով քրդերի գլխավորած ուժերի դեմ թուրքական ներխուժման համար՝ քայլ, ինչպես գրում է հեղինակը, որի համար լոբբինգ էր արել Էրդողանը։
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Բայդենն, ընդհակառակը, «քրդերի հաստատակամ կողմնակիցն է եւ նրանց մեջ դաշնակիցների է տեսնում ոչ միայն «Իսլամական պետության» դեմ պատերազմում, այլեւ որպես Սիրիայում քաղաքացիական իրավունքների արժանի ժողովրդի»:
Թրամփի երկիմաստ դիրքորոշումը Էրդողանին թույլ տվեց անտեսել Եվրամիության առարկությունները Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտության, ինչպես նաեւ Լիբիայի հակամարտության մեջ նրա ներգրավվածության եւ Լեռնային Ղարաբաղում Բաքվին սատարելու մասին, ինչը Ադրբեջանի եւ Հայաստանի բախումների պատճառ դարձավ:
«Մեծ հաշվով, Թրամփը արգելափակեց եվրոպական պատժամիջոցները եւ պաշտպանեց Էրդողանին»,- նշում է հոդվածի հեղինակը՝ ընդգծելով, որ Թուրքիան այժմ բախվում է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համախմբված ճակատին այն ժամանակ, երբ Թուրքիայի թուլացող տնտեսությունը վնաս է հասցնում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը:
«Կարող է պարզվել, որ Բայդենը մեղմ արտահայտվող, սակայն եվրոպական պատժամիջոցների մեծ մահակով ամերիկյան նախագահ է»,- նշվում է հոդվածում:





























