«Ժառանգության» խմբակցության, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նամակ է գրել ԵԽԽՎ պաշտոնյաներին ու պատվիրակներին, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աջուբալիսին որտեղ անդրադառնում է իր եղբոր` Տիգրան Փոտանջյանի «ապօրինի ձերբակալությանը»:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Իշխանության կողմից ընդդիմության, եւ մասնավորապես` «Ժառանգության» հանդեպ նոր որակի քաղաքական հետապնդումներ են սկսվել: Իմ քաղաքական գործունեության հետ կապված ապօրինի քրեական հետապնդում սկսվեց եղբորս` Տիգրան Փոստանջյանի դեմ, ով արդեն 20 օր է հացադուլի մեջ է, իսկ 2011 թվականի մարտի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդում է հարուցել իմ եւ «Ժառանգության» կուսակցության մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանի դեմ, իբրեւ թե մենք ոչ վտանգավոր բռնություն ենք գործադրել ոստիկանների նկատմամբ: Մինչդեռ այս գործով մենք տուժող ենք, քանի որ Երեւանի Հանրապետության հրապարակում «Ժառանգության» պատգամավորների եւ մի խումբ խաղաղ ցուցարարների բողոքի գործողությունը ոստիկանների կողմից ապօրինի եւ բռնի ուժի կիրառմամբ խոչընդոտվել է Հայաստանի ԱԺ կողմից  2011 թվականի մայիսի 26-ին ընդունվել համաներման մասին ակտը, որը պաշտոնապես ողջունեցին  պարոնայք Աուդրոնյուս Աջուբալիսը` ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար, Ալեքս Ֆիշերը եւ Ջոն Պրեսկոտը` ԵԽԽՎ մոնիտորինգի Հայաստանի հարցով համազեկուցողներ: Ես տեղեկացված եմ Ձեր կողմից իրականացված աշխատանքի մասին`  բանտախցերում հանիրավի հայտնված մարդկանց ազատ արձակման համար, եւ նաեւ Ձեր կողմից գործադրած ջանքերի շնորհիվ է, որ ընդունվեց համաներման ակտը եւ բանտախցերում հանիրավի հայտնված անձանց մի մասին սկսել են բաց թողնել:

Իհարկե, եթե չլինեին միջազգային կազմակերպությունների կողմից մշտադիտարկումները եւ եթե ՀՀ քաղաքացիները հնարավորություն չունենային օգտվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանությունից, ապա, ինչպես ստալինյան ժամանակաշրջանում, այնպես էլ մեր օրերում մարդկանց հանիրավի կդատապարտեին  ազատազրկման, «Գուլագ» աքսորի եւ մահապատժի: Իհարկե, հասկանալի է նաեւ Ձեր ուղերձը ՀՀ իշխանություններին, քանի որ ավտորիտար ռեժիմների իշխանության կրողները փորձում են հնարավորինս երկար օգտագործել անօրինական ուժ գործադրելու կարողությունը:

Ցավով պետք է նշեմ, որ Ձեր ուղերձները եւ ողջույնները միշտ չէ, որ նպաստում են որակական փոփոխություններին: Առ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրում են 21-րդ դարի հակաժողովրդական եւ հակաժողովրդավարական ավտորիտար ռեժիմներից մեկի ներքո: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից այս պահին հանդես են գալիս այնպիսի անձինք, ովքեր հանրային  իշխանության լիազորություններ են ձեռք բերել ոչ թե արդար, թափանցիկ եւ հավասար պայմաններում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, այլ 2008- մարտի 1-ի ողբերգությունից հետո, ապօրինի արտակարգ դրություն հայտարարելու ընթացքում, երբ օգտագործվեցին ՀՀ զինված ուժերը:

Որքան էլ որ ապօրինի ռեժիմների հետ բանակցելիս կարեւոր է պատանդ վերցված անձանց ազատության հասնելը` միայն այս ձեռքբերումը չի կարող բերել ավտորիտար ռեժիմի կողմից իր ապօրինի գործելակերպի փոփոխությանը: Այնպես որ, այս համաներումն էլ, ինչպես դա արդեն տեղի է ունեցել 2009 թվականին, խիստ անբավարար քայլ է ժողովրդավարության որակական առաջընթացին հասնելու համար, քանի դեռ դատական համակարգը մնում է լիովին կախվածության մեջ ոչ լեգիտիմ գործադիր իշխանությունից:

Հուսով եմ, որ տարիներ շարունակ քաղաքական բանտարկյալներ պահող, մարտի 1-ի մեղավորներին չբացահայտող, ներկայումս քաղաքական պատանդներ վերցնող, մարդկանց իրավունքներն ու Հայաստանի եւ միջազգային օրենսդրությունը մշտապես ոտնահարող իշխանության հետ բանակցությունների հաջորդ փուլը կվերաբերի իրական համակարգային բարեփոխումների իրականացմանը, որոնց արդյունքում  կունենանք օրինական ճանապարհով ձեւավորված իշխանություն»: