Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակում այսօր` մայիսի 30-ին տըեղի է ունեցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ: Համերգից ստացված հասույթն օգտագործվելու է քաղցկեղով հիվանդ 3,5-ամյա Մանե Հակոբյանի բուժման ծախսերը հոգալու համար:
Ինչպես տեղեկացրել է Մանեի հայրը՝ Ս. Հակոբյանը, երեխայի մոտ ախտորոշվել է լեյկոզ։ Այժմ նա բուժվում են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Հայաստանում երեխայի բուժումն անվճար է, սակայն արտասահմանում համապատասխան հետազոտություններ կատարելու խնդիր կա, որն արժե 43 հազար եվրո։ Ծնողներն ունեն հիմնական գումարը, պակասում է միայն 3 միլիոն դրամ, ինչը հայթայթելուն կօգնեն նման հանգանակությունները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոքրիկ Մանեի բուժման համար կհատկացնի այնքան գումար, որքան կկարողանան երեկոյի ընթացքում հանգանակել լեզվաբանական համալսարանի ուսանողները:
Համերգային երեկոյի ընթացքում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Մարին, Միհրան Ծառուկյանը, Աստղիկ Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Անահիտ Շահբազյանը, Սարգիս Ավետիսյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Լանա Խաչատրյանը եւ այլք: Համերգային ծրագրին մասնակցել են նաեւ լեզվաբանական համալսարանի տաղանդավոր եւ շնորհալի ուսանողները:




























