ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր՝ հոկտեմբերի 9-ին սկսվող Եվրոպայի երկրներով մեկշաբաթյա շրջագայության շրջանակներում հոկտեմբերի 10-ին կայցելի Ցյուրիխ: Այդ մասին, ըստ AFP գործակալության, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
«Պետքարտուղարը կսկսի շրջագայությունը Ցյուրիխ այցից, որտեղ մասնակցելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման արարողությանը»,- նշել է Գորդոնը՝ նկատելով, որ ստորագրման արարողությանն իր մասնակցությամբ պետքարտուղարը մտադիր է ցուցադրել «ԱՄՆ շահագրգռվածությունն այդ գործընթացում»:
«Մենք երկար ժամանակ աջակցում էինք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, եւ այժմ ցուցադրում ենք մեր սատարումը համաձայնագրին»,- նշել է նա՝ ընդգծելով, թե փաստաթուղթը «պատմական քայլ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար»:
Գործակալությունը նաեւ հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարության անանուն աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարին արարողությանը հրավիրել է Շվեյցարիայի կառավարությունը: Նրա խոսքերով, արարողությանը մասնակցելու են նաեւ Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Կուշները, ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:




























