Նորընտիր նախագահ Ջո Բայդենը եւ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսը Դելավեր նահանգում գտնվող Վիլմինգթոն քաղաքում անցկացրել են միջոցառում՝ ներկայացնելով մարդկանց, որոնք նոր վարչակազմում պետք է դիվանագիտության եւ ազգային անվտանգության ոլորտի բարձր պաշտոններ ստանան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Բայդենը նախատեսում է Էնթոնի Բլինքենին նշանակել պետքարտուղարի, Ալեխանդրո Մայորկասին՝ ներքին անվտանգության նախարարի, Ավրիլ Հեյնսին՝ ազգային հետախուզության տնօրենի, Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի, Ջեյք Սալիվանին՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, իսկ Ջոն Քերիին՝ կլիմայի հարցերով նախագահի հատուկ բանագնացի պաշտոնում:

Ելույթում Բայդենն ասել է, որ իր ղեկավարությամբ Միացյալ Նահանգները առաջատար դեր կունենա Խաղաղօվկիանոսյան եւ Ատլանտյան տարածաշրջաններում: Նա նաեւ մտադրություն է հայտնել ամրապնդել դաշինքները Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Ընտրված նախագահը նշել է, որ աշխարհի առաջնորդների հետ հեռախոսազրույցների ընթացքում իրեն զարմացրել է, թե «որքան անհամբերությամբ են նրանք սպասում, որ ԱՄՆ-ը կվերականգնի համաշխարհային առաջնորդի իր պատմական դերը Խաղաղօվկիանոսյան, Ատլանտյան տարածաշրջաններում եւ ամբողջ աշխարհում»:

Նա նաեւ հավաստիացրել է, որ երկիրը չի ներքաշի ավելորդ հակամարտությունների մեջ:

Բայդենի խոսքով՝ իր ընտրած թեկնածուներն արտացոլում են իր այն համոզմունքը, որ «Ամերիկան ամենահզորն է, երբ աշխատում է դաշնակիցների հետ»: «Սա թիմ է, որն արտացոլում է այն փաստը, որ Ամերիկան պատրաստ է նորից տանել աշխարհը իր հետեւից, այլ ոչ թե մեկուսանալ նրանից»,- ասել է նա:

Նա նաեւ ընդգծել է, որ կլիմայի փոփոխության խնդիրը կդառնա իր վարչակազմի առաջնահերթություններից մեկը: Նախկին պետքարտուղար Ջոն Քերին կհամակարգի կլիմայի փոփոխության ջանքերը՝ որպես նախագահի հատուկ բանագնաց, եւ կներգրավվի Ազգային անվտանգության խորհրդում: Առաջին անգամ Խորհրդում կընդգրկվի կլիմայի հարցերով աշխատակիցը։

Քերիի խոսքով՝ ինքը կիսում է Կլիմայի փարիզյան համաձայնագիր վերադառնալու անհրաժեշտության մասին Բայդենի կարծիքը, բայց կարծում է, որ միայն այս համաձայնագիրը բավարար չէ:

Ներկայացնելով Բլինքենին՝ ընտրված նախագահը համոզմունք է հայտնել, որ այս փորձառու դիվանագետը կկարողանա ամրապնդել Պետդեպարտամենտի բարոյականությունը եւ բարձրացնել հասարակության վստահությունը արտաքին գործերի նախարարության նկատմամբ: Նախկինում Բլինքենը զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի եւԿապիտոլիումի բլրի, Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի այլ բարձրաստիճան պաշտոններ:

Թոմաս-Գրինֆիլդը, որն ունի 35 տարվա դիվանագիտական ծառայության փորձ եւ աշխատել է չորս մայրցամաքներում, հայտարարել է, որ Բայդենի վարչակազմի գալով դիվանագիտությունը կվերադառնա իր դերին:

Ալեխանդրո Մալյորկասը ներքին գործերի փոխնախարար է եղել եւ իր կարիերայի ընթացքում երեք անգամ Սենատը հաստատել է նրան տարբեր պաշտոններում: Նա կդառնա առաջին լատինամերիկացին ու ներգաղթյալը, ով կնշանակվի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում:

Ավրիլ Հեյնսը նախկինում զբաղեցրել է ԿՀՎ փոխտնօրենի եւ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալի պաշտոնները: Նա կդառնա ԱՄՆ հետախուզական համայնքը ղեկավարող առաջին կինը: