Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 1-ին կառավարությունում միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ոլորտի կարգավորիչ բարեփոխումները:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է. «Այսօր մենք պետք է խոսենք մի կարեւոր թեմայի շուրջ, որը վերաբերում է բյուրոկրատիայի կրճատմանը եւ կառավարման արդյունավետության բարձրացմանը: Դուք տեղյակ եք «Կանոնակարգիչ գիլյոտին»  հայեցակարգի մասին: Ես հանդիպել եմ դրա գլխավոր հեղինակներից մեկի` պարոն Սքոթ Ջեյքոբսի հետ եւ ցանկանում եմ ԵԱՀԿ-ին շնորհակալություն հայտնել աշխատելու այդ հնարավորությունն ընձեռելու համար:

Այն բանից հետո, երբ ծանոթացանք ընդհանուր հայեցակարգին եւ հավանության արժանացրինք այն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմն աշխատել է պարոն Ջեյկոբսի հետ, եւ արդեն շուրջ 5 ամիս է` մեր թիմը նախապատրաստվում է այս հայեցակարգի ներդրմանը: Հայեցակարգն արժանացել է նաեւ Հանրապետության Նախագահի հավանությանը, եւ մենք որոշել ենք ստեղծել միջգերատեսչական խորհուրդ, որը կոորդինացնելու է այս աշխատանքները»:

Վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությանն արժանացած «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրման հեռանկարները: Նա կարեւորել է կարգավորիչ ոլորտի բարեփոխումների իրականացումը կոռուպցիոն ռիսկերի կրճատման եւ գործարար միջավայրի բարելավման առումով: Ներկայացնելով հայեցակարգի կիրառման մեթոդաբանության մանրամասները` վարչապետը խոսել է բիզնես գործընթացների հստակեցման, հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցման, ներդրումային եւ գործարար միջավայրի վրա դրա բարերար ազդեցության մասին:

Անդրադառնալով պետության կողմից մատուցվող ծառայությունների բարելավման կարեւորությանը` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է մի շարք` վարորդական իրավունքների տրամադրման, մեքենաների գրանցման, հաշվառման, տեխնիկական զննման եւ այլ ոլորտներում արձանագրված հաջողություններն ու ընդգծել կարգավորիչ բարեփոխումների առանցքային դերն այդ գործընթացի շարունակականության ապահովման հարցում: 

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը նշել է, որ «Կանոնակարգիչ գիլյոտինը» համապարփակ բարեփոխումների ծրագիր է, որը  հնարավորություն կտա կանոնակարգել օրենսդրական դաշտը եւ բարձրացնել կառավարման համակարգի արդյունավետությունը: Մասնավորապես, այն կնպաստի իրավական ակտերի հասցեականության բարձրացմանը, ինչն էլ կհանգեցնի ներդրումային եւ գործարար միջավայրի բարելավմանը:

Անդրադառնալով «Կանոնակարգիչ գիլյոտին» հայեցակարգի իրագործման գործում հնարավոր մասնակցության  հարցին` միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության` կարգավորիչ ոլորտի բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու կառավարությանն այդ գործում: Նրանք նաեւ կարեւորել են կարգավորիչ բարեփոխումների իրականացման գործընթացի հանրային լուսաբանմանն ուղղված քայլերի իրականացումը: