Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանի եւ հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի ուղեկցությամբ այսօր` հունիսի 1-ին այցելել է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններ` ծանոթանալու քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքին եւ դրա շրջանակում «Փյունիկի» աջակցությամբ խաղային ատրակցիոնների տեղադրման գործընթացին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապետյանն ընդգծել է, որ համապատասխան միջավայրն ու բարեկարգ բակը յուրահատուկ տրամադրություն են ստեղծում բնակիչների հանգստի համար. «Եթե Երեւանի բնակիչը առավոտյան դուրս գալիս տեսնում է, որ շքամուտքը բարվոք է, աղբահանությունը` կազմակերպված, բակը` բարեկարգ, ապա դա հաստատ բոլորի տրամադրությունը փոխելու է»,- նշել է քաղաքապետը:
Ծրագրի շրջանակներում քաղաքապետարանի կողմից ամբողջությամբ բարեկարգվում, կանաչապատվում են բակային տարածքները, տեղադրվում են նստարաններ, զրուցարաններ, անցկացվում է արտաքին լուսավորության ցանց, իսկ հիմնադրամի միջոցներով` ժամանակակից մանկական խաղեր:
Մայրաքաղաքի բարեկարգ, ժամանակակից խաղային ատրակցիոններով կահավորված բակերի թիվն այս տարի ավելացել է եւս 48-ով: Այդ նպատակով բոլոր վարչական շրջաններում գույքագրվել է եւս 386 բակային տարածք:
Նշենք, որ քաղաքապետարանը շուտով բոլոր վարչական շրջաններում, կանաչ տարածքների եւ սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու համար, համատիրություններին, դպրոցներին եւ մանկապարտեզներին շուրջ 1000 խոտհնձիչ սարք կտրամադրի:



























