Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային շրջայցը Աջափնյակ վարչական շրջանում սկսվել է Գ3 թաղամասի այգուց: Այս մասին այսօր` հունիսի 1-ին, NEWS.am-ին հայտնեցին Երեւանի մամուլի ծառայությունից:
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այստեղ տոնական միջոցառում էր կազմակերպվել: Հալաբյան 21 եւ 23 շենքերի բակում Կարեն Կարապետյանը ծանոթացել է առկա խնդիրներին, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրները: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը եղել է նաեւ 16-րդ թաղամասի երրորդ շղթայի շենքերի բակային տարածքում: Առաջիկայում այդ բակը բնակիչներին կդիմավորի բոլորովին այլ տեսքով ու հարմարություններով: Վարչական շրջանի ծրագրով բակային տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի, կվերանորոգվեն եզրաքարերը, փոքրիկների համար կտեղադրվեն մանկական խաղեր, զրուցարաններ, նստարաններ:
16-րդ թաղամասի առաջին շղթայի շենքերի բակային տարածքում էլ քաղաքապետը ծանոթացել է համատիրությունների աշխատանքին: Համատիրությունների ղեկավարների հետ զրույցի ընթացքում Կարեն Կարապետյանը հորդորել է առավել ակտիվ ու նախաձեռնող լինել, արագ արձագանքել բնակչության կողմից բարձրացվող խնդիրներին, կատարել պարտականություններն ու առարկայական լուծումներ գտնել:
Կարեն Կարապետյանը նաեւ նշել է, որ քաղաքապետարանը աջակցելու է կայացած եւ հաջողված համատիրություններին, ինչը կարող է խթանող ազդակ դառնալ մյուսների համար եւ վերջնարդյունքում նպաստել համատիրությունների կայացմանը: Բակերի բարեկարգման մասով քաղաքապետը խոստացել է աջակցել համատիրություններին` աշխատանքը համատեղ եւ միասնական ուժերով իրականացնելու պայմանով:
Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի հետ: Աջափնյակում այսօր օրակարգային է վթարային շենքերի խնդիրը: Կարեւորելով հարցի սոցիալական նշանակությունն ու հրատապությունը` քաղաքապետը նշել է, որ խնդրին լուծում տալու նպատակով այսօր քաղաքապետարանը սոցիալական բնակարանաշինության ծրագրի իրագործման լուրջ քայլեր է ձեռնարկել:
Խոսելով առկա եւ լուծում պահանջող խնդիրների շուրջ` Կարեն Կարապետյանը կարեւորել է կանաչապատման, բարեկարգման ծրագրերի գործընթացն ու աղբահանության կազմակերպման դաշտի կարգավորման եւ ապօրինի ու չգործող կրպակների ապամոնտաժման աշխատանքների հետեւողական իրականացումը:




























