Կլիմայի գագաթաժողովի բացման խոսքում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ասել է, որ երկրները պետք է «կլիմայական արտակարգ իրավիճակ» հայտարարեն, որպես գլոբալ աղետալի տաքացումից խուսափելուն ուղղված գործողություն, հաղորդում է Reuters-ը:
«Կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը հերքել, որ բախվել ենք դրամատիկ արտակարգ իրավիճակի հետ: Այնպես որ, այսօր ես աշխարհի բոլոր առաջնորդներին կոչ եմ անում կլիմայի ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարել իրենց երկրներում՝ մինչեւ ածխածնի չեզոքության հասնելը»,- իր տեսաուղերձում հայտարարել է Գուտերեշը:
Նա նաեւ նշել է, որ կորոնավիրուսային համաճարակից հետո գործարկված տնտեսական վերականգնման փաթեթները հնարավորություն են տալիս արագացնել անցումը դեպի ցածր ածխածնային ապագա, միեւնույն ժամանակ զգուշացնելով, որ դա տեղի չի ունենում բավական արագ:
«Առայժմ G20-ի անդամները 50%-ով ավելի շատ միջոցներ են ծախսում հանածո վառելիքի ոլորտներում իրենց խթանների եւ փրկարարական փաթեթների, քան ցածր ածխածնային էներգիայի վրա»,- ասել է Գուտերեշը:
«Սա անընդունելի է: COVID-ից ապաքինվելու համար անհրաժեշտ տրիլիոնավոր դոլարները փողեր են, որոնք մենք վերցնում ենք ապագա սերունդներից: Մենք չենք կարող օգտագործել այդ պաշարները, որպեսզի ամրացնենք այն քաղաքականությունը, որը ապագա սերունդներին ծանր բեռի տակ կդնի՝ ավերված մոլորակի վրա»,- հավելել է նա:





























