ՀՀ պաշտպանության նախարարությունը հայ-թուրքական զարգացումների հետ կապված բացասական գործոնների չեզոքացման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնելու: «Այդ գործընթացը ՊՆ-ի առջև բացասական գործոնների ազդեցության չեզոքացման համապատասխան աշխատանքների իրականացման խնդիր է դնում»,- հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պաշտպանության ոլորտի բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ։

«Հավանաբար, այդ նախագիծն առաջիկայում կհաստատվի ղեկավարութայն կողմից, և մենք կսկսենք դիվանագիտական հարաբերությունների և սահմանի բացման գործընթացը»,- ընդգծել է նախարարը:

Այնուհետեւ անդրադառնալով պաշտպանության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությանը, Ս. Օհանյանն ասել է. «Մենք կարեւորում ենք բարեփոխումների անհրաժեշտությունը, քանի որ Զինված ուժերը հասել են զարգացման այնպիսի մակարդակի, որը պահանջում է համապատասխան բարեփոխումներ՝ Զինված ուժերի հետագա զարգացումն ապահովելու համար»: Նրա խոսքով, բարեփոխումներն իրականացվում են «Զինված ուժերի նոր որակ, պաշտպանական բարեփոխումների հաստատուն ընթացք» նշանաբանի ներքո: