ՄԱԿ գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշն այսօր շեշտել է, որ ճիշտ այնպես, ինչպես ապահովված պետությունները իրենց քաղաքացիների համար ապահովում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին հասանելիությունը, այդպես էլ աշխարհը «յուրաքանչյուրի համար եւ ամենուր» պատվաստանյութին հասանելիության երաշխիքների անհրաժեշտություն ունի, հայտնում է Associated Press-ը: 

Գերմանիայի խորհրդարանին հղած իր ուղերձում Գուտերեշը բարձր է գնահատել գերմանական BioNTech ընկերության հետազոտողների ջանքերը, որոնք ամերիկյան Pfizer հսկայի հետ համագործակցությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակել:

«Հիմա մեր խնդիրն է որպես հանրային բարիք պատվաստանյութով բուժման ապահովումը, որը հասանելի եւ մատչելի կլինի բոլորի համար եւ ամենուր»,- ասել է նա:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ կազմակերպությունն, ի թիվս այլոց, փորձում է նորություններ եւ խորհուրդներ տրամադրել, որոնց մարդիկ կկարողանան վստահել, եւ աշխատել պատվաստանյութի հանդեպ վստահության ամրապնդման շուրջ՝ «ղեկավարվելով փաստերի վրա հիմնված գիտական տվյալներով», այն ամենի դեմ պաայքարելու համար, ինչը նա անվանել է «ապատեղեկատվության վիրուս»: