Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում մինչեւ 16 տարեկան երեխաների հաշվառումը կատարված է 85-90 տոկոսով: Այս մասին Հայաստանի փոխվարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:
Նրա խոսքով, մայիսի 31-ի դրությամբ, ռեգիստրում արդեն հաշվառված է 310 հազար 550 երեխա, 60 հազար 898-ի գործերը պատրաստ են մուտքագրման: Արդյունքում ՀՀ բնակչության պետական ռեգիստրը համալրվել է մինչեւ 16 տարեկան 371 հազար 448 երեխայի տվյալներով: ՀՀ բնակչության պետական ռեգիստրը ներկայումս հանրապետության բնակչության պատկերն արտացոլում է մինչեւ 90 տոկոս ճշգրտությամբ, սակայն այս գործընթացը, ինչպես նաեւ կիրառվող տեխնիկական եւ իրավական մեխանիզմները, հնարավորություն կտան կարճ ժամանակ հետո ավելի ամբողջական ռեգիստր ձեւավորել:
Արձանագրվեց նաեւ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանում փոփոխություն կկատարվի, որով ուսումնական հաստատություններում երեխաների ընդունելության ժամանակ պարտադիր կպահանջվի նաեւ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում գրանցված լինելու մասին տեղեկանք: Հանձնարարվել է նաեւ ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից ճշտել այն ընտանիքների թիվը, ովքեր հաշվառման ժամանակահատվածում են դիմել` երեխայի ծննդյան վկայական ստանալու համար:




























