Հոկտեմբերի 14-ի Թուրքիա-Հայաստան հանդիպումից երկու օր առաջ հատուկ ինքնաթիռով Բուրսա կժամանի Հայաստանի ազգային հավաքականը, որը կհյուրընկալվի Աթաթուրքիա անվան մարզադաշտից 20 կմ հեռավորության վրա գտնվող Holiday Inn հյուրանոցում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը։ Հյուրանոցում հայերի համար արդեն 100 համարներ են պատվիրվել։

Բուրսայի Յենիշեհիր օդանավակայանից Հայաստանի ազգային հավաքականին դեպի Holiday Inn հյուրանոց կուղեկցեն ոստիկանների եւ հատուկ անվտանգության ուժերի ավտոշարասյուները։ Անվտանգության միջոցառումները արդեն այդ հյուրանոցում եւ շրջակայքում սկսվել են։

Holiday Inn հյուրանոցում առանձնահատուկ ձեւով են պատրաստվում դիմավորել Հայաստանի հավաքականին։ Հայաստանի հավաքականի բժիշկի կողմից պատրաստված ճաշացանկը արդեն փոխանցվել է հյուրանոցի պատասխանատուներին։ Հայ հյուրերի համար ճաշերը կպատրաստեն թուրք խոհարարները։ Այն հարկերում, որտեղ կմնան հայերը, կլինեն 24 ժամ խիստ անվտանգության ներքո։

Բուրսայի Holiday Inn հյուրանոցի տնօրենը՝ Մեթին Քիբերը նշում է, որ Թուրքիայի առջեւ ծառացած քննություններից մեկը՝ Թուրքիա-Հայաստան խաղն է։ Նա հիշեցրել է, որ ֆուտբոլային ակումբներին սպասարկելու փորձ ունեն, քանի որ Բուրսայի միակ միջազգային հյուրանոցն է։ Հյուրանոցի տնօրենը նշել է, որ հայերի սննդի պատրաստումը վստահել են իրենց։