Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը նախաքննական մարմնի որոշմամբ միացվել են մեկ վարույթում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 04։30-ի սահմաններում բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որի մասին մի քանի ժամ էր՝ փաստաբանները տեղեկություն չունեին, հայտնի չէր անգամ, թե ինչ քրեական գործով եւ ինչ կարգավիճակով է քաղաքապետը բերման ենթարկվել։
Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Առուշանյանը Երեւանի քննչական կոմիտեում է եւ հարցաքննվում է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Նշենք, որ այսօր նրա ձերբակալման որոշման իրավաչափության դեմ բողոքի դատական նիստն է։
Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաեւ Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը:
Այդ առնչությամբ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնել էր, որ նախաքննական մարմինը փորձում է մի քանի քրեական գործեր միավորել մեկ վարույթում, որ Առուշանյանին ծանր հոդվածների մեղադրանքով կալանավորելու միջնորդություն ներկայացնի դատարան։





























