Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության դեմ պայքարում կարող է միայն իր համբերության ուժն օգտագործել: Այս մասին «ՖԱՆ»-ին տված հարցազրույցում ասել է «Կասսադ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր Բորիս Ռոժինը:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացել էին Երեւանում ընդդիմության հերթական հանրահավաքների մասին: Ցուցարարները փակել են միջքաղաքային երկու մայրուղիներ եւ արդեն շրջապատում են կառավարության շենքը: Մասնակիցները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, որը, իրենց կարծիքով, ստորագրեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի «ամոթալի» համաձայնագիրը: Տեղեկություն էր հայտնվել նաեւ այն մասին, որ մի շարք ընդդիմադիր ուժեր կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրում են նախկինում վարչապետի պաշտոնը զբաղեցրած Վազգեն Մանուկյանին, ով ղեկավարում էր հանրապետությունը դեռ  Խորհրդային տարիներին:

«Գործադուլը Հայաստանի ձեռնարկություններում սկսվել է դեկտեմբերի 16-ին,- նշել է Ռոժինը:- Հիմա մենք տեսնում ենք, որ նրանցից շատերի աշխատանքն ամբողջովին կանգնել է, իսկ աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիաների գնալ Երեւանի կենտրոնում: Փաստորեն, մեր առջեւ մոտավորապես նույն իրավիճակն է, որը Փաշինյանին իշխանության բերեց. նույն կերպ հեռացավ նրա նախորդը` Սերժ Սարգսյանը»:

Քաղաքագետի խոսքով` ՀՀ կառավարության ղեկավարի տապալման գործընթացն արագացնելու համար ընդդիմությունը տեղեկություններ է տարածքում, որ նա իբր պատրաստվում է հրաժարական տալ Ամանորից հետո կամ արդեն արել է դա:

«Սակայն պաշտոնական մակարդակով նման հայտարարություններ չեն արվել,- ընդգծել է փորձագետը:- Փաշինյանը չի պատրաստվում իշխանությունը փոխանցել որեւէ պայմանական Վազգեն Մանուկյանի: Ընդհանրապես, ներկայիս քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար երկրին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անհրաժեշտ, բայց ես համոզված եմ, որ ՀՀ վարչապետը հեռու է մնում այս տարբերակից. ակնհայտ է, որ նրան ոչ մի լավ բան չի սպասվում»:

«ՖԱՆ»-ի զրուցակիցը ենթադրել է, որ Փաշինյանի ռազմավարությունն «պարզապես նստել եւ սպասելն է», մինչ բողոքի ցույցերը մարեն:
«Այս ճանապարհը պարզ է բոլորի համար. Ալյաքսանդր Լուկաշենկոն մոտավորապես նույն սխեմայով էր գործում, ընդ որում, ինչպես այժմ պարզ է դառնում` բավականին հաջող,- ասել է Ռոժինը:- Էմանուել Մակրոնը եւս նստած սպասեց «դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ավարտին, այնպես որ ՀՀ վարչապետը սովորական համբերատարության միջոցով իշխանությունը պահպելու մի քանի հաջող օրինակ ունի: Բացի այդ, երկրում նրա հակառակորդներին ամենեւին էլ բնակչության մեծ մասը չի աջակցում. լուրջ բողոքներ կան նաեւ ընդդիմության առաջնորդներին»:

Քաղաքագետի խոսքով` Հայաստան բավականին տհաճ երկընտրանքի առջեւ է. մի կողմից, այն զզվում է վարկաբեկված Փաշինյանից, սակայն մյուս կողմից «նորը հնով փոխել» եւս չի ուզում: «Սակայն, այնուամենայնիվ, պետք է որոշում կայացնել. որքան երկար է ձգվի այս ճգնաժամը, այնքան ավելի լուրջ հետեւանքներ կլինեն երկրի համար. Հայաստանի քաղաքական կառուցվածքը կարող է պարզապես չդիմանալ նման լարվածությանը», - ամփոփել է հոդվածագիրը: