Ապագայում Թուրքիան կարող է հրաժարվել ԵՄ անդամ դառնալուց: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: «Հնարավոր է, ապագայում չցանկանա դառնալ ԵՄ անդամ եւ գնա Նորվեգիայի ուղիով»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Նորվեգիայի ԵՄ անդամության հարցի քննարկման ժամանակ այդ երկրի քաղաքացիները դեմ են հանդես եկել այդ կառույցին անդամակցությանը: Արդյունքում, չնայած դրան, որ Նորվեգիան համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, նա հրաժարվել է ԵՄ անդամությունից:
Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններն սկսվել են 1964 թվականին Անկարայում ստորագրված պայմանագրով:
Այսօրվա դրությամբ, պաշտոնապես ԵՄ անդամության թեկնածուներ են համարվում Թուրքիան եւ Խորվաթիան: Խորվաթիան կարող է ԵՄ անդամ առնալ 2010-ին կամ 2011-ին, իսկ Թուրքիայի անդամակցությանը դեմ են արտահայտվում ԵՄ «լոկոմոտիվ» հանդիսացող Ֆրանսիան ու Գերմանիան: Սա հաշվի առնելով, փորձագետները նշում են, որ Թուրքիայի անդամությունը կարող է ձգվել 10-15 տարի: Միաժամանակ Թուրքիայի անդամակցության նախաձեռնությունը ակտիվորեն պաշտպանում են ԱՄՆ-ն ու Լեհաստանը:
Նշենք, որ Թուրքիայի ԵՄ ինտեգրացման հարցերով եվրոպացի փորձագետ Ֆադի Խակուրան կարծում է, որ Գյուլի հայտարարությունը պետք է դիտարկել որպես ԵՄ երկրների` մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի բացասական վերաբերմունքի արձագանք: Նրա խոսքով, այդ հայտարարությունը իր ետեւից Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման փոփոխություն չի բերի:




























