Ռուսաստանը փորձարկում է С-70 «Օխոտնիկ» ծանր հարվածային անօդաչու թռչող սարքը: Վերջին թռիչքային փորձարկումների շրջանակներում նա ռմբակոծել է ցամաքային թիրախը Աշուլուկի զորակայանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռազմարդյունաբերական համալիրում աղբյուրը:
Նրա խոսքով՝ «Օխոտնիկը» թափքի ներսից 500 կգ տրամաչափի չուղղորդվող ավիառումբեր է նետել: «Թիրախը խոցվել է բարձր ճշգրտությամբ»,- ասել է գործակալության աղբյուրը: Նա չի նշել ռմբակոծման ամսաթիվը, սակայն նշել է, որ դրանք ցամաքային թիրախները ոչնչացնելու առաջին փորձերը չեն:
Աղբյուրն ընդգծել է, որ ««Օխոտնիկ»-ի վրա տեղադրված տեսադաշտի նավիգացիայի նորագույն համակարգը թույլ է տալիս ազատ անկման զինամթերքը կիրառել այնպիաի ճշգրտությամբ, որը մոտենում է բարձր ճշգրտության կառավարվող զենքին»:
«Օխոտնիկը», ըստ զրուցակցի, ի վիճակի է ինքնավար ռեժիմով խոցել ցամաքային ստացիոնար եւ սահմանափակ շարժական թիրախներ՝ նախապես հայտնի կորդինատներով, այդ թվում` օդում արտաքին թիրախ նշանակելու դեպքում:
Հարվածային «Օխոտնիկ» անօդաչու թռչող սարքը ստեղծվել է Սուխոյի նախագծային բյուրոյում: Ըստ բաց աղբյուրների՝ դրա երկարությունը 14 մետր է, թեւերի բացվածքը՝ 19 մետր, իսկ թռիչքային զանգվածը՝ 20 տոննա: Սարքի առավելագույն արագությունը ժամում հասնում է հազար կիլոմետրերի: Անօդաչուն պատրաստվել է «թռչող թեւ» սխեմայի համաձայն՝ ռադարային նկատելիությունը նվազեցնող նյութերի օգտագործմամբ:
«Օխոտնիկ»-ի առաջին թռիչքը, ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 3-ին:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրների, անցյալ տարի «Օխոտնիկը» մի շարք թռիչքներ է իրականացրել կառավարվող «օդ-օդ» հրթիռների ֆունկցիոնալ նմանությամբ, որոնք չունեն շարժիչ, բայց ունեն ինքնավարման գլուխ: Օդային թիրախների ուղղությամբ մարտական հրթիռների փորձնական արձակումները սարքը կկատարի այս տարվա երկրորդ կեսին:




























