Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դռնփակ դատական նիստ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր դատարանին, որպեսզի եւս երկու ամսով երկարաձգվի ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

Դատական դռնփակ նիստից հետո, դատավոր, դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց ՀՔԾ միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարաձգեց Վ. Խանզադյանի խափանման միջոց կալանքը:
Նա նորից տեղափոխվեց «Երեւան կենտրոն» ՔԿՀ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վահան Խանզադյանը որպես կասկածյալ անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով:

Խանզադյանը մեղադրվում է նաեւ մեկ այլ քրեական գործում կատարած չարաշահումների համար: Խանզադյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2011թ. ապրիլի 11-ին` 308 հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը առաջացրել է ծանր հետեւանքներ) հատկանիշներով:

Հիշեցնենք նաեւ, որ Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Ոստիկանապետի հրամանով նա ազատվել էր պաշտոնից եւ ձերբակալվել: