Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրավական ճանապարհ այսօր գոյություն չունի: «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ այսօր` հունիսի 7-ին հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե իրավական տեսանկյունից հնարավո՞ր է Հայաստանում անցկացնել արտահերթ ընտրություններ, ինչը պահանջում է Հայ ազգային կոնգրեսը:

Արդարադատության նախարարի խոսքով` ներկայումս Հայաստանի խորհրդարանի լուծարման բացարձակ իրավունք առկա չէ: Եթե նախկինում նախագահը կարող էր քաղաքական նկատառումներից ելնելով լուծարել խորհրդարանը, ապա գործող Սահմանադրությամբ հստակ սահմանված են այն հիմքերը, երբ կարող է լուծարվել խորհրդարանը:

«Այսօր Սահմանադրությամբ արտահերթ ընտրությունների անցկացման համար սահմանված հիմքերից որեւէ մեկը գոյություն չունի: Ուստի խորհուրդ կտայի մինչեւ պահանջ դնելը նայել, թե որքանով են դրանք Սահմանադրությունից բխում»,- հայտարարեց նախարարը:

Նշենք, որ ըստ Սահմանադրության 74.1 հոդվածի` Հանրապետության նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:

Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝ ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում: