Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հունիսի 8-ին այցելել է Շիրակի եւ Լոռու մարզեր, ծանոթացել «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերակառուցվող դպրոցների շինաշխատանքների ընթացքին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը Շիրակի մարզում եղել է Նոր կյանք եւ Արեւշատ գյուղերի դպրոցներում, այնուհետեւ մեկնել Լոռու մարզ, այցելել Սպիտակի թիվ 1 եւ Վանաձորի թիվ 22 դպրոցների շինհրապարակներ: Բոլոր այդ դպրոցներում շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ նոր ուսումնակատ տարվա սկիզբը:
Այցի ավարտին Լոռու մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ Ա. Գեւորգյանը հորդորել է մշտական ուշադրություն դարձնել աշխատանքների որակին` հիշեցնելով, որ ծրագիրն ունի մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ: Խորհրդակցությանը քննարկվել են ծրագրի արդյունքում տնտեսված գումարների տնօրինման հետ կապված հարցեր: Առաջարկվեց խնայված միջոցներից 100-ական մլն դրամ ուղղել Սպիտակի, Վանաձորի եւ Ստեփանավանի դպրոցների մյուս մասնաշենքերի վերանորոգմանը:
Նշենք, որ ՀՀ կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ կնքված Վերաձեւակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով հիմնադրամի ծրագիրը շարունակվում է «Դպրոցաշինության» բաղադրիչով եւ ընդգրկում է Լոռու եւ Շիրակի մարզերից երեքական դպրոց: Այս մարզերն ընտրվել էին Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է:




























