Բուխարեստում հունիսի 8-ին տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ հանդիպումը, որին նախորդել է կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր եւ ելույթով հանդես է եկել Հայաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:

Նա իր ելույթում նշել է անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Ռումինիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բոլոր բնագավառներում արձանագրված առաջընթացը եւ դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարեւորվել է կազմակերպության արդյունավետության հետագա բարելավմանը, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական օրակարգի խթանման նշանակությունը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունել են մի քանի տասնյակ որոշումներ: Ռումինիան ներկայացրել է իր նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները:

Հանդիպման ավարտին հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ-ում նախագահությունը Ռումինիայից փոխանցվել է Ռուսաստանին, որը կազմակերպությունը կպաշտոնավարի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: