Երեւանի քաղաքապետի աշխատանքային շրջայցը Էրեբունի վարչական շրջանում սկսվել է Էրեբունու գյուղմթերքների շուկայից:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապետյանը ստուգել է շուկայի պայմաններն ու սանիտարական վիճակը: Այս շուկայում վերջերս թարմացվել են առեւտրային տաղավարները, բայց անելիքները դեռեւս շատ են:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացել նաեւ
Բակերի բարեկարգման ծրագրերի ընթացքին: Մուրացանի 113/1 հասցեում գտնվող բակն ամբողջությամբ վերջերս է վերանորոգվել` տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, կենտրոնում կառուցվել է արձանով շատրվան:
Բնակիչների համար օրը տոնական էր Ավանեսով 7/1 բակում: Այստեղ շահագործման է հանձնվել ժամանակակից խաղահրապարակով կահավորված բակը:
Սասունցի Դավթի արձանին հարակից տարածքն այս տարի նորովի է կանաչապատվել:
Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, վարչական շրջաններից յուրաքանչյուրում կստեղծվեն ժամանցային եւ մշակութային ուղղվածությամբ փոքր կենտրոններ: Էրեբունիում բնակիչների ժամանցի կազմակերպման յուրօրինակ վայր կդառնա հենց երկաթուղային կայարանի հարակից այս հրապարակը:
Կարեն Կարապետյանը ծանոթացավ նաեւ «Լիոնի» այգում ընթացող աշխատանքների ընթացքին, որը հիմնվել է Երեւանի եւ Լիոնի քաղաքապետարանների միջեւ կնքած համագործակցության ծրագրի շրջանակում:




























