Երեւանում այսօր` հունիսի 8-ին Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Երեւան կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպեր գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը:
Ինչպես դատարանից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմեն Պողոսյանը մեղադրվում է Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Դատական նիստի ժամանակ Ա. Պողոսյանի փաստաբանը բացարկ է հայտնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, այդ միջնորդությունը բավարարվել է, որից հետո դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի որոշմամբ, դատական նիստը վարել է նույն դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը:
Երեք ժամ տեւած դատական նիստից հետո դատավոր Գայանե Կարախանյանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարաձգել Ա. Պողոսյանի խափանման միջոց կալանքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմեն Պողոսյանը կասկածվում է քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում:
Նշենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Թամամյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում էր կայացրել:
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, նրանց աշխատանքից ազատել են կոնկրետ ինչ-որ քրեական գործի շրջանակներում ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար:




























