Նորարարական լուծումները կտրուկ բարձրացնում են ցանկացած ոլորտի արտադրողականությունն ու աշխատանքի արդյունավետությունը, այդ իսկ պատճառով տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելիս անպայմանորեն պետք է հաշվի առնվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կողմից առաջարկվող արտադրանքն ու լուծումները: Այս մասին այսօր` հունիսի 8-ին ասել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով «Աշխատանքային նախաճաշ նախարարի հետ» միջոցառման շրջանակում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության /ԻՏՁՄ/ հյուրն էր: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել ԻՏՁՄ հետեւյալ անդամ կազմակերպությունները` «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ», iCON, «Արմինկո», «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, «Սորսիո», Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, Օհանյան Վարժարանը, ADC, «Օրանժ Արմենիա»: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կատարվող ներկայիս լայնածավալ վերափոխությունները եւ դրանց հետ կապված խնդիրները: Նախարարի կողմից հատուկ շեշտադրվել է գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիական նորամուծությունների կարեւորությունը: Նրանց փոխանցմամբ` պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ ԻՏՁՄ եւ Գյուղատնտեսության նախարարության միջեւ, որը կզբաղվի գյուղատնտեսության ոլորտում ՏՏ/ԲՏ լուծումների հետագա կիրառման ծրագրերով: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ 2 կողմերի հանդիպումները դարձնել պարբերական: «Ոլորտների ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 24-25-ը DigiTec Բիզնես ֆորումի եւ Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի շրջանակներում, որոնց մասին գյուղատնտեսության նախարարի աջակցությամբ կտեղեկացվեն գյուղատնտեսության ոլորտում գործող գործարարները եւ, մասնակցելով ֆորումին, կծանոթանան տեխնոլոգիական լուծումներին` հետագայում դրանք իրենց բիզնեսում կիրառելու նպատակով»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Կստեղծվի աշխատանքային խումբ` ԻՏՁՄ եւ Գյուղատնտեսության նախարարության միջեւ
Տեղադրություն




























