Covid-19-ի թեստի կեղծ բացասական արդյունքների անօրինական վաճառքն ավելի ու ավելի տարածված է դառնում, քանի որ հանցագործները փորձում են օգուտ քաղել համավարակի ընթացքում սահմանված ճանապարհորդական սահմանափակումներից, հայտնում է CNBC-ը՝ հղում անելով Europol-ին:

ԵՄ իրավապահ մարմինները հաղորդել են ճանապարհորդներին Covid-19-ի կեղծ թեստերի վկայականների վաճառքի աճի մասին: Դա պայմանավորված է նրանով, որ Եվրամիության եւ այլ երկրներ ճանապարհորդներին պարտավորեցնում են կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնել՝ բարձր ռիսկային գոտուց ճանապարհորդելիս մուտքի թույլտվություն ստանալու համար:

Կեղծ թեստերի վերջին դեպքը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի «Լութոն» օդանավակայանում, որտեղ մի տղամարդ ձերբակալվել է կորոնավիրուսի թեստի կեղծ արդյունքներ վաճառելու փորձի ժամանակ: Եղել են նաեւ խաբեբաներ, ովքեր կեղծ թեստերը վաճառել են 100 ֆունտով (137 դոլար):

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել նաեւ եվրոպական այլ երկրներում նմանատիպ գործունեության մասին:

Օրինակ, Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում բացահայտվել է մի խմբավորում, որը ուղեւորներին թեստի կեղծ բացասական արդյունքներ է վաճառել, հայտնել է Եվրոպոլը: Կեղծ թեստի համար վճարը տատանվում է 150–300 եվրոյի սահմաններում:

Մեկ այլ խաբեբա էլ 40 եվրոյով կեղծ բացասական թեստի վկայագրեր վաճառելու համար բռնվել է Իսպանիայում, իսկ Նիդեռլանդներում հայտնաբերվել են հանցագործներ, որոնք կեղծ վկայագրերը 50-60 եվրոյով վաճառել են հաղորդագրությունների փոխանակման հավելվածների միջոցով:

«Քանի դեռ Covid-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով գործում են ճանապարհորդության սահմանափակումները, շատ հավանական է, որ կեղծ թեստերի արտադրությունն ու վաճառքը գերակշռեն»,- հավելել է Եվրոպոլը: