Տալլինում քաղաքային ավտոբուսի և առաքիչ ռոբոտի բախման հետևանքով տուժել է ինը մարդ։ Ռոբոտը վթարից հետո հեռացել է դեպքի վայրից։

Ավտոբուսի վարորդը ստիպված է եղել կտրուկ արգելակել՝ ուղիղ բախումից խուսափելու համար, ինչի հետևանքով կանգնած ուղևորներն ընկել են, հաղորդում է էստոնական ռադիոկայանը՝ հղում անելով Tallinn Transport (TLT) տրանսպորտային ընկերությանը։

Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Էստոնիայի մայրաքաղաքի խաչմերուկներից մեկում։

Ըստ TLT-ի, որը հավաքել է ականատեսների վկայությունները և սոցիալական ցանցերում հրապարակել միջադեպի տեսանյութը, առաքիչ ռոբոտը չի կանգնել լուսացույցի կարմիր ազդանշանի տակ և դուրս է եկել խաչմերուկ։

Ավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է՝ փորձելով կանխել բախումը։ Սրահում կանգնած մի քանի ուղևոր կորցրել է հավասարակշռությունն ու ընկել։ Տրանսպորտային ընկերության տեղեկություններով՝ տուժածների թիվը կարող է հասնել իննի։

Հարվածից ռոբոտը շպրտվել է երթևեկելի մասի մյուս կողմը։ Դրանից հետո այն հեռացել է վթարի վայրից։

«Ռոբոտը դիմել է փախուստի, եթե կարելի է այդպես ասել։ Այն պարզապես հեռացել է բախումից հետո»,- էստոնական ռադիոյին ասել է TLT-ի վարչության անդամ Անդրեյ Նովիկովը։

Առաքիչ ռոբոտներ արտադրող Starship Technologies ընկերությունը հայտնել է, որ կապ է հաստատել ոստիկանության հետ և ներքին քննություն սկսել՝ միջադեպի ճշգրիտ հանգամանքները պարզելու համար։

«Խիստ ցավալի է, որ նման վթար է տեղի ունեցել»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Պեպե Աավիկսոոն։ Նա ընդգծել է, որ անվտանգությունը շարունակում է մնալ արտադրողի գլխավոր առաջնահերթությունը։

Starship-ի ռոբոտները կարող են մինչև 15 կգ քաշով բեռներ տեղափոխել մինչև 5 կմ հեռավորության վրա։ Էստոնիայում դրանք մայթերով տեղաշարժվում են լիովին ինքնավար ռեժիմով և գնորդներին մթերք, պատրաստի սնունդ ու ծանրոցներ են առաքում։ Տարածության մեջ կողմնորոշվելու համար սարքերն օգտագործում են մի քանի տեսախցիկ, որոնք թույլ են տալիս հետևել շրջապատում տիրող իրավիճակին։

Առաքիչ ռոբոտի և ավտոբուսի բախման վերջին հայտնի դեպքը գրանցվել էր 2020 թվականի ապրիլին։