«Այդպիսի ազգային երթերը պետք է ինքաբուխ լինեն, ժողովրդի ծոցից եւ ոչ թե այստեղից-այնտեղից ավտոբուսներով մարդկանց բերելով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ նախաձեռնությամբ երեկ կայացած հանրահավաքն ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Հիշեցնենք, որ հանրահավաքում հայտարարվեց, որ միջոցառումը կազմակերպել են 12 կուսակցություններ, որոնց շարքում է նաեւ Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը:
Տ. Կարապետյանն ասաց, որ իրեն դուր չի գալիս այս ամենի մեջ եղած պոպուլիզմը, եւ բացակայել է երեկվա երթին, որովհետեւ «շինծու բաներ չի սիրում»։
«Ես չէի կարող գալ „Ժառանգության“ կողքը կանգնել։ Միացյալ Նահանգներից ճնշում է գալիս եւ ճնշման տակ են նրանք սա անում։ Րաֆֆի Հովհաննիսյանը Քըրք Քրքորյանի հետ նույն գյուղից է, նրա փողերով է պատգամավոր դարձել։ Այսօր ինքը դեմ է, իսկ Քրքորյանը` կողմ, ներդրումներ է անում։ Ես երկակի խաղեր չեմ ընդունում։ Ազնիվ շիտակ մարդ եմ։ Ոչ մի խաղերի մեջ չեմ մտել եւ չեմ մտնում»,- հայտարարեց Տիգրան Կարապետյանը, նկատելով, որ երեկվա կազմակերպած երթը ոչ մի ազդեցություն չի ունենա եւ արձանագրությունները երեկոյան անպայման կստորագրվեն։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ժամանակով երեկոյան 8-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում կստորագրեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղված արձանագրությունները։




























