Հայաստանի տարածքային կառավարման  նախարարությունում այսօր` հունիսի 9-ին տեղի է ունեցել Արմավիրի մարզում դժվարին պայմաններում հայտնված երեխաների հիմնախնդիրներին նվիրված քննարկում:

Օրերս Ծաղկաձորում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ այս խոցելի խմբի հիմնախնդիրներով զբաղվող «Երեխաների պաշտպանության ցանցի» անդամ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել առկա խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծման հնարավորությունները քննարկելու համար ըստ մարզերի հանդիպումներ կազմակերպել:

«Ուժերը համախմբելու,  աշխատանքները ճիշտ բաշխելու եւ կազմակերպելու դեպքում  հնարավոր կլինի ավելի մեծ արդյունքների հասնել»,-խնդրին անդրադառնալով ասել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը` կարեւորելով շահագրգիռ  բոլոր կողմերի` մարզպետարանի, համայնքապետերի, հասարակական կազմակերպությունների,  ընկերությունների համագործակցված աշխատանքը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարզում գործունեություն ծավալող ՀԿ-ները  հիմնականում բարձրացրել են  համայնքներում սոցիալական տների,  զարգացման կենտրոնների ստեղծման  խնդիրը, որոնց միջոցով հնարավոր կլինի կազմակերպել խոցելի խմբում հայտնված երեխաների ուսուցումը, ժամանցը: 

Կարեւորվել է համայնքներում նաեւ սոցիալական աշխատողի առկայությունը, ով կայցելի ընտանիքներ, անձամբ կաշխատի նրանց հետ: Այս նպատակների համար բարձրացվել է համայնքային բյուջեներում որոշակի գումարների նախատեսման հարցը: Նշվել է կամավորության ինստիտուտը զարգացնելու անհրաժեշտության մասին: Քննարկվեցին  ծայրահեղ վատ պայմաններում գտնվող ընտանիքների բնակարանային  պայմանների բարելավման հնարավորությունները:

«Բարձրացված խնդիրներն առաջնային են եւ լինելու են  կառավարության ուշադրության կենտրոնում», նշել է փոխվարչապետը: