Վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում տնային տնտեսությունների կողմից վառելափայտի սպառման միջին մակարդակը նվազել է 11.8 տոկոսով, իսկ մեկ խմ վառելափայտի միջին գինն ավելացել է 29 տոկոսով։ Նման տվյալներ են ստացվել «Գյուղական բնակչության վրա անտառների անկայուն օգտագործման եւ ապօրինի հատումների սոցիալական ու տնտեսական ազդեցության գնահատում» հետազոտության արդյունքում, որը հրապարակվել է այսօր` հունիսի 9-ին:

Ըստ այդմ, անտառային ռեսուրսները նվազել են, իսկ մեկ խմ վառելափայտի գինը՝ բարձրացել, ինչը կապված է վերջինիս պահանջարկի ոչ ճկուն բնույթի եւ անտառների դժվար անցանելի հատվածներից վառելափայտի ձեռքբերման համար պահանջվող լրացուցիչ ծախսերի հետ։

Վառելափայտի պահանջարկը կա եւ կմնա տնային տնտեսությունների կողմից. պատճառներից են անտառամերձ շատ համայնքներում վերջինիս համեմատաբար ցածր գինը ի հակադրություն բնական գազի, էլեկտրաէներգիայի կամ այլ վառելանյութի գնի, աղքատության բարձր մակարդակը եւ այլընտրանքային վառելիքի բացակայությունը։

Նվազել է նաեւ անտառից վառելափայտ ձեռք բերող տնային տնտեսությունների քանակը. այժմ նրանք վառելափայտը գնում են միջնորդներից։ Բնակիչների մուտքը անտառ սահմանափակելու եւ նրանց կողմից իրականացվող ապօրինի հատումների ծավալը կրճատելու «Հայանտառ»-ի ջանքերը բավական հաջող էին։ Մյուս կողմից, 2003 թ.-ի համեմատությամբ, այժմ արտադրական նպատակով հատումներ իրականացնողների քանակն ավելացել է, իսկ նրանց մուտքն անտառ` հեշտացել։ Բացի դրանից չարաշահվում է «Հայանտառ»-ի կողմից տրամադրված միեւնույն տոմսը մի քանի անգամ օգտագործելու մեխանիզմը։

Այժմ վառելափայտի օգտագործման մակարդակը բարձր է, ինչը գերազանցում է մատակարարման առավելագույն մակարդակը եւ արտադրական նպատակով ծառահատում իրականացնողներին դրդում ապօրինի հատումների։ Հետազոտության հաշվարկներով ապօրինի հատումների տարեկան նվազագույն ծավալը 240.000 խորանարդ մետր է, ինչը մոտավորապես 80 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։

Անտառների պաշտպանության արդյունավետությունը մեծացնելու եւ ապօրինի հատումների դեմ պայքարելու նպատակով, ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է մասնավորապես, անտառամերձ համայնքների բնակիչների համար ստեղծել անտառի ոչ բնափայտային արտադրանքի (պտուղներ, հատապտուղներ, բանջարեղեն) ընդունման կետեր եւ որոշ տարածքներում զարգացնել մեղվաբուծության բիզնեսը: Վառելիքի այլընտրանքային աղբյուրների մատչելիությունն ապահովելու համար առաջարկվում է արեւային էներգիայի եւ բիոգազի լայնածավալ օգտագործումը:

Ակնհայտորեն ապօրինի հատումների նվազեցմանն ուղղված այլ միջոցներ էլ կան, որոնք կարող են կիրառվել ինստիտուցիոնալ մակարդակում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով քաղաքական կամքի բացակայությունը՝ անիրական եւ անարդյունավետ է կենտրոնանալ այդ միջոցների վրա։ Դրանց փոխարեն ներկայացված առաջարկներն առնչվում են տնային տնտեսություններին եւ միակ շարժիչ ուժին՝ պահանջարկին։

Նշենք, որ հարցումն անցկացվել է անտառամերձ ութ մարզերի 819 տնային տնտեսությունների եւ անտառներով հարուստ երեք մարզերում գործող 20 սղոցարանների շրջանում։ Մասնավորապես վերլուծվել են 2003 եւ 2010 թ.թ.-ի հարցումների (անցկացվել են նույն մեթոդոլոգիայով) արդյունքները՝ նախանշելով եւ մեկնաբանելով առկա զարգացումները։