ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2012թ-ին հնարավոր է թողնի իր պաշտոնը` Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավարի պաշտոնում առաջադրվելու համար, հաղորդում է Reuters-ը:
«Քլինթոնը ցանկանում է տեղափոխվել այդ աշխատանքին», – հայտարարել է գործակալության` բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը, որոնք Քլինթոնը վարում է Սպիտակ տան հետ:
Ավելի վաղ Քլինթոնը հայտարարել էր, թե մտադիր չէ ներկայիս պաշտոնը զբաղեցնել չորս տարուց ավելի:
Գործակալության մեկ այլ աղբյուրի տվյալներով` ԱՄՆ նախագահ Օբաման արդեն պաշտպանել է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու Քլինթոնի մտադրությունը: Սակայն առայժմ հայտնի չէ` կա արդյոք ԱՄՆ նախագահի պաշտոնական համաձայնությունը: Սպիտակ տան ներկայացուցիչը հրաժարվել է այդ հարցով մեկնաբանություններ անելուց:
Ի դեպ, Քլինթոնին անհրաժեշտ է նախապես ստանալ ՀԲ անդամ բոլոր 187 երկրների համաձայնությունը:
Քլինթոնի մամուլի քարտուղարը, սակայն, հերքել է տեղեկատվությունը, թե պետքարտուղարը ծրագրում է աշխատանքի անցնել ՀԲ-ում, ինչպես նաեւ այն, որ հարցն արդեն քննարկվել է Սպիտակ տանը:




























