Լիբիայի հարցով շփման խումբը ապստամբներին 1,3 մլրդ դոլարի աջակցություն է խոստացել: Նման որոշում է կայացվել շփման խմբի` Աբու Դաբիում կայացած հանդիպմանը:
Հիմնական միջոցները կտրամադրեն Իտալիան եւ Ֆրանսիան` ընդհանուր 1 մլրդ դոլարի չափով: Քուվեյթն ու Կատարը կհատակացնեն 180 մլն դոլար, իսկ Թուրքիան` 100 մլն դոլար:
Հանդիպման մասնակիցները, որոնց թվում են եղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչներ, քննարկել են Քադաֆիի ռեժիմի անկումից հետո Լիբիայի զարգացման ուղիները:
Հանդիպման արդյունքներով Հ. Քլինթոնը լրագրողներին ասել է, որ Քադաֆիի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները «տարբեր փորձեր» են անում` Լիբիայի առաջնորդին իշխանությունից հեռացնելու տարբերակներն արեւմուտքի հետ քննարկելու համար: Նրա խոսքով` Քադաֆիի կողմնակիցները հասկացնել են տվել, թե պատրաստ են քննարկել նրա տապալման ուղիները:




























