Քաղաքական գործիչների շրջանում ես առաջիններից էի, ով հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած նրան, որ իշխանությունը փորձում էր հակառակը համոզել եւ՛ հասարակությանը, եւ՛ ընդդիմությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլի» պատգամավորների եւ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումը:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ Փաշինյանը փորձում էր խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնության գալ՝ առաջարկելով համատեղ հուշագիր, որը դիտարկում էր նրա հրաժարականը, սակայն միայն թեկնածու առաջադրելու հրաժարավելու հաշվին: «Ինչպես հայտնի է, մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կտրականապես հրաժարվել է տվյալ առաջարկից, եւ այդ մասին հայտարարել է նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, խորհրդարանում ելույթի ժամանակ»,-նկատեց պատգամավորը:

Պատգամավորը նշեց, որ գործող իշխանությունը փորձել է անհեթեթ թեզ առաջ տանել այն մասին, որ իրենք կարող են լուծարել խորհրդարանը, սակայն վարչապետը կմնա իշխանության ղեկին եւ կշարունակի ղեկավարել երկիրը: «Սակայն նրանք հասկացան, որ դա խնդրահարույց է, քանի որ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը եւ միջազգային կառույցները դեմ հանդես կգան տվյալ նախաձեռնությանը»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ Փաշինյանի թիմը մոնիթորինգ է անցկացրել երկրի մարզերում եւ իր համար չմխիթարող եզրակացություններ արել:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իշխանությունը համոզվել է, որ ցանկալի աջակցության չի կարող հասնել ո՛չ մարզերում, ո՛չ Երեւանում, եւ նաեւ դա էր պատճառը, որ որոշեց հրաժարվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ընդդիմության պասիվության թեմային: Նա համաձայնեց, որ Ամանորից հետո փոքր-ինչ նվազել է ընդդիմության ակտիվությունը, սակայն վստահեցրեց, որ գործող իշխանության դեմ պայքարը եղանակային պայմանների լավացումից եւ մարդկանց՝ խորը շոկից դուրս գալուց հետո կվերսկսվի նոր ուժով: Նա պարզաբանեց, որ ցուրտ եղանակին դժվար էր մարդկանց համոզել՝ փողոց դուրս գալ եւ միանալ պայքարին: Բացի այդ, նրա կարծիքով, մարդիկ դեռ ուշքի չեն եղել ծանր հարվածից հետո, որը հասցրեց պատերազմը:

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքներով հաղորդագրություն է տարածվել, որում խորհրդարանական մեծամասնությունը նշել է, որ «արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, բնակչության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հասարակական պատվեր չկա»: