Հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը միայն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ նաեւ Վրաստանի վրա։ Այս գործընթացից միայն կշահեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացի քաղաքագետ, Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հետազոտություների հիմնադրամի փորձագետ Արչիլ Գեգեշիձեն։

Փորձագետի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորման եւ սահմանի բացման դեպքում կավելանա ներդրումների հոսքը, ապրանքաշրջանառությունը, կլինի տնտեսական ակտիվացում, որը մեծ հաշվով ուղղված է տարածաշրջանին։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Գեգեշիձեն, անխուսափելի կլինի արեւմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա։ «Ռուսաստանին դա ակնահայտորեն անհանգստացնում է, եւ այդ հանգամանքը կարող է որոշակի լարվածություն առաջացնել»։

Ինչ վերաբերում է Վրաստանի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությանը (Վրաստանը մինչ օրս մնում է Հայաստանի միակ տարանցիկ ուղին), Գեգեշիձեն նկատեց, որ հայ-թուրքական սահմանի բացումից Վրաստանը այդքան բան չի կորցնում։ «Միեւնույն է գազը Հայաստան կմատակարավի Վրաստանի տարածքով։ Դա կարող է ծանրաբեռնել վրացական նավահանգիստները, բայց ընդհանուր առմամբ Վրաստանը ոչինչ չի կորցնի»,- ասաց նա՝ նշելով, որ սահմանների բացումը դեռ բավարար պայման չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար։

Փորձագետի խոսքով, Հայաստանը կունենա ռազմավարական ուղղություններ ընտրելու հնարավորություն, ինչը մինչ այդ չի եղել։ « Հայաստանում գուցե որոշեն, որ ամեն դեպքում ժողովրդավարության արեւմտյան մոդելը բարեկեցություն եւ կայունություն կբերի»։

Միեւնույն ժամանակ քաղաքագետը խորը մոլորություն է համարում մոտեցումը, որի համաձայն՝ ժողովրդավարության արեւմտյան մոդել ընտրելը նշանակում է հեռանալ Ռուսաստանից։ «Չգիտես ինչու Ռուսաստանում դա մտահոգություններ է առաջացնում, այնտեղ այդ ամենը ներկայացվում է իբրեւ ռազմավարական դիմադրություն»,- եզրափակեց Գեգեշիձեն։