Թուրքիայի միակ հայկական գյուղում ուրախությամբ սպասում են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը։ Այս մասին հայտնում է թուրքական Haberx կայքէջը։

Թուրքիայի միակ հայկական Վագըֆլը գյուղում (Կիլիկիա) հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ ստորագրվելիք արձանագրություններին մեծ ոգեւորությամբ են սպասում։ Վագըֆլի գյուղապետ Պերճ Քարթունը, իր գոհունակությունը հայտնելով հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ, նշում է. «Հայ-թուրքական հարաբերությունները դեռեւս տարիներ առաջ պետք է կարգավորվեին։ Երկու երկրների միջեւ տեղի ունեցող գործընթացների մասին մամուլից իմացանք եւ շատ ուրախացանք։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրվելիք արձանագրություններով երկու երկրների միջեւ եղբայրությունը ավելի կխորանա։ Ցանկանում ենք, որ երկու երկրների հարաբերությունները հասնեն ամենաբարձր մակարդակին։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի նախագահին տեսնենք Թուրքիայում հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան հանդիպմանը։ Ցանկանում ենք, որ այդ երկու ազգերի միջեւ բարեկամություն եւ խաղաղություն լինի»,-նշել է հայկական Վագըֆլը գյուղի գյուղապետ Պերճ Քարթունը։

Վագըֆլը գյուղի մյուս բնակիչները նույնպես կարծում են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը ուշացած գործընթաց է, սակայն հավատում են, որ սրանից հետո երկու ազգերը ավելի լավ հարաբերությունների մեջ կլինեն։