«Հ1» հեռուստաընկերության «Հատուկ ռեպորտաժ» հաղորդաշարի մեկնաբան Արտակ Ալեքսանյանը դեռեւս չի որոշել, թե պատասխան ի՞նչ քայլի կդիմի իրեն դատի տալու պատրաստվող VH Music-ի տնօրեն Վահե Հարությունյանի դեմ՝ քանի դեռ դատական հայց, որպես այդպիսին, չկա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Արտակ Ալեքսանյանը։

«Երբ իմ դեմ հայցը լինի, այն ժամանակ էլ կհասկանանք՝ ինչից է Վահե Հարությունյանը դժգոհ։ Միայն  կարող եմ ասել, որ VH Music-ի մասին հաղորդման մեջ մարդկանց, դեպքերն ու երեւույթները գնահատելու գործում մենք առավելագույնս օբյեկտիվ եւ անաչառ ենք գտնվել»,- համոզմունք հայտնեց հաղորդման մեկնաբանը։

Նշենք, որ VH-Music փրոդաքշնը, որը ձախողել էր Սառա Քոնորի մասնակցությամբ նախատեսվող երեւանյան համերգը եւ միջոցառման տոմսեր գնած քաղաքացիներին միլիոնավոր դրամներ պարտք մնացել, որոշել է հաջորդ շաբաթ դատական հայց ներկայացնել Հանրային հեռուստաընկերության «Հատուկ ռեպորտաժ» հաղորդաշարի մեկնաբան  Արտակ Ալեքսանյանի դեմ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նախօրեին հայտնել էր ինքը՝ VH-Music փրոդաքշնի տնօրեն Վահե Հարությունյանը։ Նրա խոսքով, հաղորդաշարն ընկերության մասին զրպարտություն է տարածել՝ հայտարարելով, որ իբր, VH-Music փրոդաքշնը Սառա Քոնորի հետ Հայաստանում կայանալիք համերգի պայմանագիր չի ունեցել եւ խարդախության է դիմել՝ հայտարարելով նրա մասնակցությամբ Երեւանում կայանալիք համերգի մասին։ Մինչդեռ իրենք ունեն այդ պայմանագիրը եւ կարող են հրապարակավ ցույց տալ այն։

Հիշեցնենք, որ VH Music-ի կողմից կազմակերպված, Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը 3 անգամ հետաձգվել էր: Սկզբում այն նախատեսված էր փետրվարի 14-ին, այնուհետեւ՝ փետրվարի 19-ին, իսկ վերջում՝ մարտի 8-ին, իսկ հետո պարզվել էր, որ համերգն ընդհանրապես չի կայանալու: