Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հունիսի 11-ին Հյուսիսային պողոտայում անցկացրել է «Բալուն ֆիեստա» (Balloon Fiesta)՝ «Փուչիկների ֆիեստա» ծրագիրը, որին մասնակցում էին բազմաթիվ երիտասարդների մայրաքաղաքից եւ մարզերից։ Միջոցառման մասնակիցները երկինք են բաց թողել գունավոր փուչիկներ՝ դրանց վրա գրելով իրենց ամենանվիրական երազանքները։ Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով։ Իրենց կատարումներով հանդես են եկել պետական եւ ոչ պետական բուհերի շնորհալի ուսանողներ։ Անցկացվել են տարաբնույթ մրցույթներ, որոնց հաղթողները պարգեւատրվել են։
Ծրագիրն ամենամյա է, եւ ինչպես նշել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, միջոցառման նպատակն է համախմբել Երեւանի եւ մարզերի երիտասարդներին։ «Բալուն ֆիեստաներ անցկացվում են ամբողջ աշխարհում։ Նման միջոցառումները նաեւ հնարավորություն են ընձեռում երիտասարդներին ավելի հետաքրքիր ու բովանդակալի անցկացնել իրենց ազատ ժամանցը»,- նշել է Կ. Ավագյանը։




























