Երբ «Հայրենիքի փրկության շարժում»-ից ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ պատրաստվում է շենքեր գրավել, հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները դրան ոչ մի կերպ չեն արձագանքում: Այս մասին փետրվարի 24-ին Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Պատգամավորը, մասնավորապես, դժգոհեց, թե ինչու ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչպես է Մանուկյանը պատրաստվում իրականացնել այդ «գրավումը»: «Ի՞նչ է նշանակում «կայծակնային արագույթամբ գրավում». զենքի, քարերի, թե՞ պարսատիկի կիրառմամբ: Թե՞ խոսքը մարդկային ուժի կիրառման մասին է», - հարցրեց «Թավշյա հեղափոխության» առաջնորդի բորբոքված կողմնակիցը:
Այնուհետեւ լրագրողներից մեկը հեգնանքով նկատեց, որ գուցե խոսքը վեր պարզած ձեռքերի մասին է` դրանով ակնարկելով 2018-ի գարնան ցույցերի ժամանակ գործող իշխանության պայքարի սիրված մեթոդներից մեկին: «Իսկ այդ դեպքում ինչո՞ւմ է կայանում կայծակնային արագությունը. դա նշանակում է դանդաղ, առանց շտապելու»,- նկատեց շփոթված պատգամավորը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Վազգեն Մանուկյանը Երեւանի Ազատության հրապարակում անցկացվող ընդդիմության լայնամասշտաբ հանրահավաքի ժամանակ կրկին հայտարարեց, որ առկա իրավիճակից դուրս գալու միայն մի նախապայման կա` գործող ռեժիմը պետք է վտարվի: Այնուհետեւ Մանուկյանը երկու պլան ներկայացրեց` պլան «Ա» եւ պլան «Բ»: «Պլան «Ա». անկախ նրանից, թե ինչ հանրահավաքներ ենք անցկացնելու, Նիկոլ Փաշինյանը կամավոր չի հեռանա: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է կոտրել նրա հենասյուները: Որո՞նք են այդ հենասյուները. առաջինը դա մեր հայրենակիցների մի մասն է, որը չի գիտակցում, թե որ ուղղությամբ է պետությունը շարժվում: Մեր պարտքն է բացատրել մեր հայրենակիցներին, թե ինչ է կատարվում այս երկրում:
Երկրորդ հենասյունն անվտանգության ուժերն են` ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը: Դրանք չեն գիտակցում, որ ծառայում են թուրք-ադրբեջանական ծրագրին: Պետք է կոշտ եւ համոզիչ լինել: Բացի այդ, Ազգային ժողովը պետք է նահանջի տեղ թողնի այն պատգամավորների համար, ովքեր դեռ սատարում են Նիկոլ Փաշինյանին: Հայաստանը պետք է եռա»,- նշել էր Մանուկյանը: Ինչ վերաբերում է պլան «Բ»-ին, վարչապետի թեկնածուն հայտարարել էր, որ մարդիկ ամեն պահ պետք է պատրաստ լինեն ապստամբություն կազմակերպել եւ կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը: «Մենք կգնանք առաջին ճանապարհով` պատրաստվելով երկրորդ ճանապարհին»,- ասել էր ընդդիմադիրը` առանց կառավարական շենքերի գրավման որեւէ կոչի:





























