Բրիտանական The independent պարբերականն անդրադարձել է հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունի այցելություններին Ռուսաստան եւ Վրաստան, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Պարբերականի լրագրող Շոն Ուոքերը գրում է, որ ըստ հավաստի աղբյուրների, Սթոունը Ռուսաստան այցելելու համար տեղի մեծահարուստներից ստացել է 250 հազար դոլար:
«Աշխարհահռչակ աստղերի, երգիչների եւ դերասանների, ինչպես նաեւ մարզիկների համար գումար վաստակելու առումով Ռուսաստանը հիանալի տեղ է : Ռուս մեծահարուստները ջանք չեն խնայում, որ հայտնի աստղերին հրավիրեն իրենց միջոցառումներին»,-նշում է լրագրողն իր հոդվածում, ընդգծելով, որ Ռուսաստան այցելությունից 2 օր հետո Սթոունը հայտնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դիտելու այն ֆիլմը, որտեղ Սթոունի կողմից այդքան սիրված Ռուսաստանն այնքան էլ լավ չի ներկայացված: Այս ամենի հետ միասին, Սթոունը Թբիլիսիում ժամանակ է անցկացրել նաեւ Ռուսաստանի թիվ մեկ թշնամի Միխայիլ Սահակաշվիլիի հետ:
Լրագրողը հոդվածում ընդգծում է այն հանգամանքը, որ Ռուսաստանում հոլիվուդյան աստղը նշել էր, որ նա սիրում է այն ամենը ինչ կապված է Ռուսաստանի հետ, եւ հույս է հայտնում, որ Սթոունն այդ մասին Սահակաշվիլիին ոչինչ չի հաղորդել:




























