Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը բավական երիտասարդացել է. թեպետ հիվանդությունն առավել տարածված է 40-60 տարեկան կանանց շրջանում, սակայն չարորակ ուռուցքներ երբեմն հայտնաբերվում են նույնիսկ 20-25 տարեկան աղջիկների մոտ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով, եթե առաջներում կենտրոն հետազոտման էր գալիս օրական հազիվ 3-5 կին, ապա,վերջին ժամանակներս իրենք ամեն օր հետազոտում են մինչեւ 100 կին-պացիենտի։ «Սա նշանակում, որ հայ կանանց ինքնագիտակցությունը, նախկինի համեմատ, բավական բարձրացել է։ Մեզ մոտ գալիս են անգամ Հայաստանի մարզերից, բացի այդ՝ կենտրոնը բարի ավանդույթ ունի` ամիսը մի քանի անգամ մեր մասնագետները, շարժական սարքավորումներով հանդերձ, լինում են մարզերում եւ տեղում անվճար հետազոտում կանանց»,-ասաց կենտրոնի տնօրենը։

Հակոբյանի խոսքով, կրծքագեղձի քաղցկեղը հասուն տարիքի կանանց մոտ ի հայտ է գալիս հիմնականում հետկլիմակտերիկ շրջանով եւ հորմոնալ ֆոնի փոփոխմամբ պայմանավորված, մինչդեռ չամուսնացած աղջիկների պարագայում պատճառներն, ըստ էության, այնքան էլ հստակ չեն։

Հատկանշական է, որ կենտրոնը ծրագրեր է իրականանում նաեւ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման ուղղությամբ։ «Ընդ որում, արգանդի վզիկի քաղցկեղի առկայությունը ստուգող այսպես կոչված Pap- թեստը փրկել է ավելի քան 50 կնոջ կյանք»,- նշեց Խաչանուշ Հակոբյանը՝ ավելացնելով, որ կենտրոնի ունեցած սարքերից մեկի շնորհիվ հնարավոր է դառնում մաքրել ախտահարված վզիկը եւ կնոջը երկու շաբաթում բնակակնոն կյանքի վերադարձնել։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրենը նաեւ տեղեկացրեց, կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվել է իրենց մոտ հետազոտված նաեւ 24 տղամարդու մոտ, իսկ ահա բարորակ գոյացություններ հայտնաբերվել են արական սեռի շուրջ 300 անձանց մոտ։

Ամփոփելով՝ Խաչանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ կենտրոնի բացման օրվանից՝ 1997թ-ից թվականից սկսած, իրենց մոտ կատարվել է 220 հազար 367 հետազոտություն, ընդ որում, ամեն տարի հետազոտվել է շուրջ18 հազար կին: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 7000 կանանց մոտ, իսկ ավելի քան 73 հազարի մոտ կրծքագեղձի բարորակ ախտահարում է հայտնաբերվել: