ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթերը ստորագրվել են նախօրեին Ցյուրիխում երկու երկրների ԱԳ նախարարների կողմից: Բան Կի Մունը կոչ արել երկրներին նպաստել արձանագրությունների շուտափույթ վավերացմանը:
Ինչպես նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, փաստաթղթերի շուտափույթ վավերացումը թույլ կտա ապահովել ամբողջապես նորմալացնել հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բան Կի Մունը փաստաթղթերի ստորագրումը համարել է «պատմական որոշում, որը հիմք կծառայի բարիդրացիական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար»: Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ այս ամենը իր ներդրումը կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հարցում:
Հիշեցնենք, որ երկու երկրների խորհրդարանների կողմից արձանագրությունները վավերացնելուց հետո Թուրքիան պարտավորված է լինելու ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը երկու ամսվա ընթացքում:
Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Բուրսա քաղաքաում տեղի է ունենալու Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը: Սպասվում է, որ այդ խաղին ներկա կլինի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:




























