Օրաթերթն իր խմբագրականում անդրադառնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ վրաստանյան այցին` գրելով, թե այցի գրեթե ողջ օրակարգը, հոգեւոր առաջնորդների ընդունած հռչակագիրը «զիջման» տրամաբանություն ունեն։ «Մինչդեռ այստեղ հայկական կողմը զիջումների գնալու անհրաժեշտություն չուներ։ Ոչ թե Հայաստանը, այլ՝ Վրաստանն է բացահայտորեն արհամարհում իր երկրի կրոնական փոքրամասնության իրավունքները՝ միտումնավոր հրաժարվելով վավերացնել խղճի ազատության, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների մասին միջազգային կոնվենցիաները, չկատարելով համապատասխան օրենք ընդունելու ԵԽ պահանջներըւ։

Վրացական, ոչ թե հայկական կողմն է փորձում յուրացնել ոչ միայն քաղկեդոնական, այլեւ դարավոր հայկական եկեղեցիները։ Եվ Վրաստանում հայկական եկեղեցուն, իսկ Հայաստանում վրաց եկեղեցուն իրավաբանական կարգավիճակը միաժամանակ ճանաչելու վրացական պայմաններին համաձայնելով, ընդ որում առանց քննարկման առարկա դարձնելու Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների վիճակի խնդիրը՝ հայկական կողմը հավասարաություն է դնում երկու երկրներում խնդրո առարկայի շուրջ վարվող քաղաքականությունների միջեւ եւ օրինականացնում է հայկական ազգային փոքրամասնության, առաքելական կրոնական համայնքի եւ հայկական եղեկեցիների նկատմամբ Վրաստանի իշխանությունների անհանդուրժողականությունը։ Սա ուղղակի վկայությունն է այն բանի, որ եկեղեցին եւս վարակվել է հայկական «փառապանծ» դիվանագիտությանը բնորոշ բոլոր ախտերով»։