Հունիսի 13-ին սկսվել է Գարեգին Բ-ի հովվապետական այցը Ջավախք, որը վերջին հարյուրամյակում առաջին հովվապետական այցն է Ջավախք:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ին եւ Վրաց Իլիա Բ Պատրիարքին Ախալցիխեի մուտքին դիմավորել են Սամցխե-Ջավախքի նահանգապետը եւ այլ պաշտոնյաներ, ապա հայկական պատվիրակությունը մեկնել է քաղաքի կենտրոնական հրապարակ եւ դիմել հայ եւ վրացի հավատացյալներին:
Երկու վեհափառներն այցելել են նաեւ Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի (XIX դ.):
Դրանից հետո Գարեգին Բ-ն դիմել է ջավախահայերին, հորդորելով չընկճվել կյանքում ծառացող խոչնդոտներից ու խնդիրներից, այլ շարունակել ջանք ու նվիրում բերել իրենց բարի նպատակների իրագործման համար: «Համոզված ենք, որ Վրաց եկեղեցու եւ պետության սատարումով առավել կարդյունավորվի եւ կզարգանա Ջավախքը եւ հայոց ազգային-եկեղեցական կյանքը: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ապրեք ու գործեք հավատքով: Հոգացեք, որ ապրի ձեր զավակների շուրթերին ոսկեղենիկ հայոց լեզուն, մեր հայրերի աղոթքը»,- ասել է նա:
Այցի առիթով Գարեգին Բ-ն Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն է նվիրել Ս. Աստվածամոր պատկեր:
Արարողությունից հետո պատվիրակությունը մեկնել է Ախալցիխեի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հայկական դպրոց, ուր Գարեգին Բ-ն եւ եւ Իլիա Բ-ն ներկա են գտնվել աշակերտների կողմից պատրաստված գրական-երաժշտական հանդիսության:



























