Զինվորականներին խնդրել են ԱՄՆ մայրաքաղաքում Կապիտոլիումը ծայրահեղականներից պահպանել եւս մի քանի ամիս. Ազգային գվարդիայի մարտիկները ներգրավված կլինեն մինչեւ մայիս: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնի հայտարարությունը:
Կապիտոլիումի մոտ կշարունակեն մնալ 2,3 հազար զինվորականներ՝ գրեթե 2 անգամ քիչ, քան հիմա: «Այս որոշումը կայացվել է [ոստիկանության հարցումը] մանրակրկիտ ուսումնասիրելուց եւ [ոստիկանների] գործելու պոտենցիալ պատրաստականությունը գնահատելուց հետո»,- նշել են Պենտագոնից:
Կապիտոլիումի ոստիկանությունն արդեն շնորհակալություն է հայտնել Ազգային գվարդիային եւ հայտարարել, որ զինվորականները վճռորոշ դերակատարում են ունեցել անվտանգության ուժեղացման գործում: Ընդ որում՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության որոշ ներկայացուցիչներ Reuters-ին ասել են, թե իրենց հայտնի չեն իրական պատճառները, որոնց համաձայն որոշվել է զինվորականներին թողնել Վաշինգտոնում: Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ազգային գվարդիան անհրաժեշտ է ոչ միայն այն նպատակով, որ Կապիտոլիումը ծայրահեղականներից պահպանի:
ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանությունը մարտի սկզբին նախազգուշացրել էր մարտի 4-ին արմատականորեն տրամադրված քաղաքացիների կողմից ամերիկյան խորհրդարանի վրա հնարավոր գրոհի մասին՝ Կապիտոլիումը գրավելու եւ այնտեղից կոնգրեսականներին վռնդելու նպատակով: Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չեղյալ էր հայտարարել այդ օրը նախատեսված նիստը:
Մինչ այդ QAnon շարժման համակիրները (դավադրության տեսության, որի համակիրների կարծիքով՝ դեմոկրատների առաջնորդները, հոլիվուդյան աստղերը եւ կրոնական գործիչներն իբր սատանայապաշտներ են եւ սեքսուալ շահագործողներ, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հակազդում է նրանց) մարտի 4-ը հայտարարել էին «իսկական երդմնակալության» օր: Նրանց վարկածով՝ այդ օրը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերադառնալու էր պետության ղեկավարի պաշտոնին:
Հունվարի 6-ին հանրապետականների բողոքող կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք եւ շրջապատել Սենատի դահլիճը: Սենատն ու Ներկայացուցիչների պալատը ընդհատել էին նիստը, որի ժամանակ նախատեսված էր անցակացված ընտրությունների արդյունքների հաստատումը: Ցույցերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել էր անկարգությունների գրեթե 70 մասնակցի, զոհվել էր 5 մարդ: Հունվարի 14-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Վաշինգտոնում անկարգությունների պատճառով քվեարկել էր Թրամփի իմփիչմենթի օգտին, սակայն հետագայում նախաձեռնությունը բավարար թվով ձայներ չէր ստացել, եւ արդեն նախկին նախագահն արդարացվել էր:





























