Մարտի 11-ին Երեւանում անցկացվում է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական հանրահավաքը: Ակցիան սկսվել է աղոթքով եւ Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի ոգեկոչմամբ: Միջոցառմանը մասնակցում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ այլն: Բացման խոսքով հանդես եկավ «Երրորդ ուժ» նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:

Նա, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց հանդիպման բոլոր մասնակիցներին: «Մեր հանդիպումը շատ արագ տեղի ունեցավ: Մեր երկրում տիրող իրավիճակը մեզ բոլորիս ստիպում է շատ արագ միավորվել եւ կարողանալ իրականացնել համապատասխան որոշումներ եւ հետագա քայլեր»,- ասաց հիմնադրամի ղեկավարը:

Թովմասյանն ասաց, որ նախաձեռնությունը բաց է բոլոր ցանկացողների համար` հավելելով, որ ամեն օր իրենք ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ են ստանում այն քաղաքացիներից, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը: