Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված հայտարարել է, որ երբեմն դժվարություններ լինում են, սակայն, եթե նպատակները եւ կամքը հաստատակամ են՝ հասնում են արդյունքի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Gercekgun կայքէջը։

"Իհարկե, դժվար խնդիրները միանգամից չեն լուծվում։ Սառցե լեռը հաջորդ օրը չի հալչում։ Ժամանակ առ ժամանակ դժվարություններ լինում են, սակայն, եթե նպատակները եւ կամքը հաստատուն են՝ հասնում են արդյունքի։ Արդյունքում ամբողջ Կովկասում կլինի գործարար համագործակցություն եւ անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն։ Այս գործընթացը երբեմն կարագանա, երբեմն կդանադաղի։ Բայց ամենակարեւորը այն է, որ այս խնդրում նոր ուղղության մեջ ենք մտել։ Արձանագրությունների ստորագրումը այդ կարեւոր քայլերից մեկն է։ Իսկ ստորագրության 3 ժամ ուշացում նման մեծ իրադարձություններում միշտ էլ լինում է։ Չպետք է դրա վրա սեւեռվել։ Երեկ ստորագրություններին մասնակցած բոլոր երկրները կարեւոր էին եւ ամենքի համար էլ շատ գործ կա անելու։ Կովկասում խնդիրները լուծելու համար ոչ միայն Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի այլեւ մյուսների ջանքերն էլ են անհրաժեշտ։ Ես Հայաստան գնացի առանց նախապայմանների։ Հուսով եմ, որ պարոն Սերժ Սարգսյանը նույն կերպ Թուրքիա կգա։ Իհարկե ես նույնպես վերջին օրը հայտնեցի Հայաստան գնալուս մասին, այնպես որ դեռ ժամանակ կա։ Եթե գան ամենալավ ձեւով կհյուրընկալենք ",-ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին։