Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կարեւոր քայլ էր։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։
«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կարեւոր քայլ է։ Հիշենք, որ ես 2005 թվականին եմ նամակ գրել եւ առաջարկել, որ այս հարցը լուծենք, սակայն պատասխան չկարողացանք ստանալ։
Մենք ասացինք, որ հարեւանների հետ՝ զրո խնդիր։ Խնդիրները լուծվելու դեպքում՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բոլոր ոլորտներում լայն համագործակցության հնարավորություններ են բացվում։
Մենք այդպիսի ճանապարհի սկիզբը դրել ենք։ Իհարկե, վերջին խոսքը թուրքական խորհրդարանինն է։ Հիմա մեր նպատակն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Ղարաբաղի հարցը նույն կերպ լուծման ճանապարհի մեջ մտնի։ Այդ խնդիրը լուծման ընթացքի մեջ մտնելուն պես, մեր հասարակությունը հարաբերությունների կարգավորումը ավելի հեշտ կընկալի։ Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումն էլ կհեշտանա։
Ես ավելի վաղ ասել եմ, որ արձանագրությունները ուղարկվելու է խորհրդարան։ Սակայն ի՞նչ կլինի թուրքական խորհրդարանում՝ Ադրբեջան-Հայաստան խնդրի հետ կապված։ Սրան անպայման պետք է նայել։ Մենք 2003 թվականից այս կողմ որոշ բարի կամքի դրսեւորումներ ենք արել։ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի թույլտվությունը դյուրացրել ենք։ 2005 թվականին ես այն ժամանակվա Հայաստանի նախագահին առաջարկեցի հրաժարվել մեղադրանքներից, ասացի, որ պատմական հարցերը թողնենք պատմաբաններից կազմված հանձնաժողովի քննարկմանը, թող նայեն արխիվները, իսկ մենք միասին որոշումը կգնահատենք եւ մեր վճիռը կկայացնենք։ Մեր խորհրդարանի մեծամասնությունը դրան աջակցեց։
Հայաստանը „գրավյալ“ հողերից դուրս չգալով չի կարող հուսալ Թուրքիայի դրական վերաբերմունքի մասին»-ասել է Էրդողանը։




























